Հունիսի 10-11-ը «Քաղաքացիական հասարակության ինստիտուտ» ՀԿ-ը ՀՀ ԱՆ Պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ կազմակերպել էր «Պրոբացիայի պետական ծառայության առանձնահատկությունները» թեմայով աշխատաժողով, որին հրավիրված էին ՀՀ Արդարադատության նախարարության ներկայացուցիչներ, դատավորներ, դատախազներ, Պրոբացիայի պետական ծառայության աշխատակիցներ:
Աշխատաժողովի նպատակն էր շահագրգիռ բոլոր կողմերին օրենքով Պրոբացիայի պետական ծառայության վրա դրված գործառույթները, Ծառայության առանձնահատկություններն ու խնդիրները ներկայացնելը:
Աշխատաժողովի ընթացքում ՔՀԻ-ը ներկայացրեց Հայաստանում պրոբացիայի և վերականգնողական արդարադատության սկզբունքների ներդրման ուղղությամբ իր ձեռնարկած քայլերը և Պրոբացիայի ծառայության կայացման գործում իր իրականացրած ծրագրերը, ցուցադրվեց ՔՀԻ աջակցությամբ նկարահանված Պրոբացիայի ծառայության հիմնական գործառույթների մասին պատմող ֆիլմը:
Հանդիպման երկրորդ մասը նվիրված էր օրենքի վիճահարույց դրույթների և ձևավորված պրակտիկայի քննարկմանը: Մասնավորապես քննարկվեցին
տուգանքը հանրային աշխատանքներով փոխարինելու և դրա հետ կապված օրենսդրական խնդիրները,
պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին դատական որոշումների առանձնահատկությունները և կիրառությունը,
մեղադրական դատավճռի վաղեմության կիրառումը և իրավասու մարմինների հստակեցումը,
դատապարտյալի ծանր հիվանդության դեպքում պատժի հետաձգման հետ կապված իրավական խնդիրները, նման դատապարտյալի կարգավիճակի փոփոխման հարցը: