Այսօր՝ նոյեմբերի 22-ին, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հանդիպում էր կազմակերպվել «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից և ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ իրականացվող «ՀՀ պրոբացիոն ծառայության աջակցության ծրագրի» շրջանակում Հայաստան ժամանած ամերիկացի և անգլիացի փորձագետներ Ջանեթ Դանիգանի, Ջորջ Քայզերի և Սթիվեն Փիթսի հետ:
Հանդիպման նպատակն էր քննարկել պրոբացիայի ծառայության աշխատակիցներին վերապատրաստողների վերապատրաստման նպատակով ս.թ. նոյեմբերի 24-ից 29-ն անցկացվելիք դասընթացին առնչվող մի շարք հարցեր։
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվելու են, ինչպես տեսական տեղեկություններ ժամանակակից պրոբացիայի ծառայությունների լավագույն փորձի վերաբերյալ, այնպես էլ կազմակերպվելու են գործնական աշխատանքներ պրոբացիայի ծառայողի ամենօրյա աշխատանքների շուրջ: Դասընթացի ավարտին վերապատրաստման մասնակիցները պլանավորելու և վարել են իրենց հանձնարարված թեմաներով պարապմունքներ, որից հետո միջազգային վերապատրաստողները նրանց անհատական խորհուրդներ կտան` ուղղված նյութի մատուցման և լսարանի հետ աշխատելու հմտությունների բարելավմանը:
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը հանդիպման ընթացքում հյուրերին մանրակրկիտ կերպով ներկայացրեց իրենց աշխատանքների շրջանակը, նշեց Պրոբացիայի ծառայության ներկա հաջողությունները, ինչպես նաև առկա խնդիրները, դրանց հաղթահարմանն ուղղված իրենց ջանքերը և այս ծրագրից իրենց ակնկալիքները: Նա հավելեց, որ սա շատ կարևոր համագործակցություն է` ուղղված ծառայության համար վերապատրաստողների ներքին թիմի ձևավորմանը, որը կնպաստի ծառայության աշխատակիցների համար գործնական բնույթի շարունակական վերապատրաստումների ապահովման գործընթացին:
Հանդիպման ավարտին ծրագիրն իրականացնողները և միջազգային փորձագետները շնորհակալություն հայտնեցին Պրոբացիայի ծառայության ղեկավարությանն ու աշխատակիցներին օգտակար աշխատանքային հանդիպման և ներկայացված տեղեկությունների համար: Նրանք հայտնեցին ծառայության հետ ավելի երկար համագործակցության իրենց պատրաստակամությունը և խոստացան դասընթացի ավարտից հետո ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությանը լրացուցիչ նյութեր տրամադրել պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման հաջողված միջազգային ծրագրերի վերաբերյալ: