2019 թվականի փետրվարի 27-ին «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցի (Ցանց) անդամները հանդիպում ունեցան արդարադատության փոխնախարար Սուրեն Քրմոյանի, ԱՆ Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի, ՀՀ ԱՆ հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Կարեն Հակոբյանի հետ:
«Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցը ստեղծվել և հզորացվում է Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» (ԿԵՀ) ծրագրի կողմից տրամադրված ենթադրամաշնորհի շրջանակում:
Միևնույն ժամանակ «Աջակցություն պրոբացիային» ազգային ցանցն իրականացնում է ԿԵՀ-ի կողմից տրամադրված ենթադրամաշնորհային «Քայլ դեպի արդար Հայաստան» ծրագիրը:
Հանդիպմանը քննարկվեցին պրոբացիայի ծառայության՝ Ցանցի կողմից իրականացվող մշտադիտարկման ընթացքը, պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացին առընչվող խնդիրներ, ինչպես նաև Ցանցի և արդարադատության նախարարության համագործակցության այլ գործնական հարցեր։
Մասնավորապես, Ցանցի կառավարման խորհրդի նախագահ Արտակ Կիրակոսյանը մեկ անգամ ևս նշեց պրոբացիայի ծառայության շահառուների և ծառայողների հետ անմիջական հարաբերվելու կարևորությունը։ Պրոբացիայի ծառայությունը, որպես համայնքահեն կառույց, կարիք ունի քաղաքացիական հասարակության աջակցության։ Մշտադիտարկման արդյունքները տեսանելի կդարձնեն հնարավոր համագործակցության եզրերը, բացերը և հեռանկարները։
Փոխնախարար Քրմոյանը ողջունեց մշտադիտարկում իրակակացնելու գաղափարը, միևնույն ժամանակ կարևորելով պրոբացիայի շահառուների անձնական տվյալների պաշտպանությունը։