2019 թվականի հուլիսի 11-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության Արմավիրի մարզային բաժնի աշխատակիցները, բաժնում հաշվառված 7 շահառուների մասնակցությամբ, ճանաչողական այցելություն են կատարել Էջմիածնի պատմա-ազգագրական թանգարան։
Վերասոցիալականացման միջոցառումների և ծրագրերի շրջանակներում մշակութային այս միջոցառումը կազմակերպվել էր ելնելով պրոբացիայի շահառուների հայտնած ցանկությունից և կրելու է շարունակական բնույթ:
Այցելության ընթացքում պրոբացիայի շահառուները շրջել են պատմա-ազգագրական թանգարանի սրահներում և պահոցներում, ծանոթացել հնագիտական բաժնում ներկայացված Արարատյան դաշտավայրի տեղաբնիկների կենսակերպին, կենցաղին, ապրելակերպին, ինչպես նաև ազգագրական հավաքածուին, որը ներառում է Հայաստանի մի շարք շրջաններից, Արցախից, Արևմտյան Հայաստանից բերված ցուցանմուշներ՝ գորգեր, կարպետներ, կենցաղային իրեր, խոհանոցային սպասք, տեղական արհեստներին վերաբերվող նյութեր, հնատիպ գրքեր, լուսանկարներ, կահույք, դրամագիտական հավաքածու և այլն:
Այցելության ավարտին պրոբացիայի շահառուներն իրենց գոհունակությունն են հայտնել կազմակերպիչներին՝ նման հնարավորություն ընձեռելու համար: