21/10/2019
2019 թվականի հոկտեմբերի 14-19-ը ՀՀ պրոբացիայի ծառայության պատվիրակությունը ծառայության պետ  Արսեն Նավասարդյանի գլխավորությամբ և «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները փորձի փոխանակման նպատակով մեկնել են Գերմանիայի Դաշնություն:  Այցն իրականացվել է «Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամ»-ի (IRZ) կողմից ուսումնական և փորձի փոխանակման ծրագրի շրջանակներում:  
Այցի ընթացքում պատվիրակության անդամները մի շարք հանդիպումներ են ունեցել պրոբացիայի ոլորտի բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Հանդիպումների ընթացքում ուսումնասիրվել և քննարկվել են Գերմանիայում ազատազրկման ձևով նշանակված պատիժների կատարումը և ազատազրկման հետ կապ չունեցող պատժատեսակները, անչափահաս և չափահաս դատապարտյալների սոցիալական աջակցությանն առնչվող հարցերը, ինչպես նաև ծանոթացել են պրոբացիայի շահառուների վերասոցիալականացմանն ուղղված իրականացված միջոցառումներին: ՀՀ պրոբացիայի ծառայության պատվիրակության այցի արդյունքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ հարցեր և ապագայում համագործակցության հնարավոր ծրագրեր և ձեռք է բերվել բանավոր համաձայնություն հետագայում սոցիալական աշխատանքների մասով մասնագիտական ուսումնական դասընթացներ կազմակերպել պրոբացիայի ծառայողների համար: