2019 թվականի դեկտեմբերի 20-21-ը Ծաղկաձորում ԱՄՆ Դեսպանատան՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի աջակցությամբ «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակներում կազմակերպվել էր 2-օրյա հանդիպում-քննարկում Պրոբացիայի ծառայության աշխատակիցների համար, որտեղ ներկա գտնվեցին և իրենց ելույթներով հանդես եկան նաև ՀՀ արդարադատության նախարարության հակակոռուպցիոն եվ քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան, փաստաբանական դպրոցի տնօրենի ուսումնական հարցերով տեղակալ Ռոման Ահարոնյանը և այլոք:
Հանդիպման ընթացքում ներկայացվեց նոր գործիքակազմը, որը կարևորագույն միջոց կհանդիսանա պայմանական վաղաժամկետ զեկույցի պատրաստման, ինչպես նաև ռիսկերի և կարիքների խոր գնահատման, վերահսկողության պլան կազմելու գործընթացում՝ Պրոբացիայի ծառայության աշխատանքներն էլ ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Քննարկվեց նոր գործիքակազմի ներդրման կարևորությունը, կիրառման մեթոդները և եղանակները, որոնց արդյունքում այն անցավ վերջնական մշակման փուլ:
ԱՄՆ Դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի իրավապահ հարցերով ավագ խորհրդատու Ադի Հոլովեյն իր խոսքով ողջունեց Պրոբացիայի ծառայության աշխատակիցների՝ նման հանդիպում իրականացնելու նախաձեռնությունը և պատրաստակամություն հայտնեց հետագայում նույնպես ակտիվ աջակցություն ցուցաբերել ծառայության կայացման գործում:
Ծառայության պետ Գևորգ Սիմոնյանն իր ամփոփիչ ելույթում կարևորել է ԱՄՆ դեսպանատան, ինչպես նաև «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ ունեցած համագործակցությունը և շնորհակալություն է հայտնել նման հանդիպում կազմակերպելու հնարավորություն ընձեռելու համար: