Ուշադրություն։ Կայքը մշակման փուլում է

Հաղորդագրություններ

Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողները այցելել են Պրոբացիայի ծառայություն

22.05.2026
Հայաստանի եվրոպական համալսարանի ուսանողները այցելել են Պրոբացիայի ծառայություն

Հայաստանի եվրոպական համալսարանի Իրավագիտության և Հոգեբանության ֆակուլտետի մի խումբ ուսանողներ ճանաչողական այցով հյուրընկալվել են Պրոբացիայի ծառայությունում։

Այցի շրջանակում ուսանողները հանդիպում և մասնագիտական քննարկում են ունեցել Ծառայության պետի հետ։ Հանդիպման ընթացքում Գուրգեն Աֆրիկյանը ներկայացրել է Ծառայության գործունեության հիմնական ուղղությունները, առաքելությունն ու գործառույթները, ինչպես նաև քրեական արդարադատության համակարգում պրոբացիայի ինստիտուտի կարևորությունն ու վերասոցիալականացման ոլորտում իրականացվող աշխատանքները։

Ծառայության պետը կարևորել է տեսական գիտելիքների և գործնական փորձի համադրման անհրաժեշտությունը՝ ընդգծելով ապագա մասնագետների մասնագիտական կողմնորոշման և ոլորտային կարողությունների զարգացման նշանակությունը։

Այնուհետև ուսանողների համար կազմակերպվել է ճանաչողական շրջայց Ծառայության ստորաբաժանումներում՝ Երևանի քաղաքային մարմին, Վերասոցիալականացման և վերականգնողական բաժին, ինչպես նաև Էլեկտրոնային հսկողության բաժին, որտեղ ծանոթացել են ստորաբաժանումների գործունեությանը, հիմնական գործառույթներին, աշխատանքային գործընթացներին և շահառուների հետ տարվող աշխատանքների առանձնահատկություններին։

Այցն անցել է հետաքրքիր և բովանդակալից մթնոլորտում՝ նպաստելով ուսանողների մասնագիտական գիտելիքների ընդլայնմանը և պրոբացիայի համակարգի գործունեության վերաբերյալ առավել խորքային պատկերացումների ձևավորմանը։

Հանդիպման ավարտին մի շարք ուսանողներ հետաքրքրվածություն են հայտնել իրենց ուսումնական պրակտիկան Պրոբացիայի ծառայություն իրականացնելու, իսկ որոշ ուսանողներ՝ կամավորության հիմունքներով ներգրավվելու Ծառայության գործունեությանը։