09/10/2018
2018 թվականի հոկտեմբերի 9-ին ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության կենտրոնական մարմնի, Երևանի քաղաքային և մարզային բաժինների աշխատակիցները հանդիպել են պրոբացիայի հարցերով խորհրդատու Մարտին Ջ. Քրիզեի հետ, ով Հայաստան է ժամանել ԱՄՆ-ի դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի կողմից իրականացվող կոռուպցիայի դեմ պայքարի, պրոբացիոն և քրեակատարողական համակարգի գործարկելուն աջակցելու ծրագրի շրջանակներում:

Հանդիպմանը ներկա էր նաև «Փի Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպու-թյան հայկական մասնաճյուղի տնօրեն Մարիամ Մարտիրոսյանը:

Պրոբացիայի ծառայության գործունեության արդյունավետության բարձրացման և անձնակազմի կարողությունների զարգացմանը նպաստելու նպատակով կազմակերպված հանդիպման ընթացքում պրոբացիայի հարցերով խորհրդատու Մարտին Ջ.Քրիզեին ներկայացրել է ԱՄՆ պրոբացիոն ծառայության փորձը, շահառուների ռիսկերի և կարիքների գնահատման մեխանիզմները, ինչպես նաև կառավարման խորհրդատվություն է տվել պրոբացիայի աշխատակիցներին:

Ծառայության պետ Արսեն Նավասարդյանը շնորհակալություն է հայտնել Մարտին Ջ. Քրիզեին համագործակցության պատրաստականության և փորձի փոխանակման համար, որը հնարավորություն ստեղծեց պրոբացիայի ծառայության աշխատակիցներին քննարկման ընթացքում ստանալ իրենց հուզող հարցերի պատասխանը: