ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայությունում հունիսի 19-ին, «Անչափահաս և երիտասարդ իրավախախտների վերասոցիալականացման խթանում» ծրագրի շրջանակում, Ծառայության աշխատակիցների և դեպք վարողների համար կազմակերպվել է սեմինար-քննարկում: Այն իրականացվել է «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ: Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը, «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը, պրոբացիայի ծառայության Երևանի քաղաքային մարմնի աշխատակիցները, Երևան քաղաքի բոլոր վարչական շրջանների Սոցիալական աջակցության տարածքային բաժինների դեպք վարողները:
ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ողջունելով ներկաներին, նշել է, որ հանդիպումը կնպաստի Սոցիալական աջակցության տարածքային բաժինների դեպք վարողների և Պրոբացիայի ծառայության աշխատակիցների միջև համագործակցության ամրապնդմանն ու գործընկերային հարաբերությունների հաստատմանը:
ՀՀ ԱՍՀՆ սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանն անդրադարձել է դեպք վարողների աշխատանքային առանձնահատկություններին, իսկ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանն ընդգծել է Սոցիալական աջակցության տարածքային բաժինների և Պրոբացիայի ծառայության միջև համագործակցության ձևերի ու մեխանիզմների արդյունավետ իրականացման կարևորությունը:
Քննարկման ընթացքում ներկայացվել են նաև Պրոբացիայի ծառայության ստեղծման հիմնական գաղափարը, առանձնահատկություններն ու գործառույթները, ինչպես նաև անդրադարձ է կատարվել պրոբացիայի շահառուների ռիսկերի և պահանջմունքների (կարիքների) գնահատման հմտություններին և վերահսկողության պլանի կազմմանը:
Քննարկման ավարտին նման ձևաչափով շարունակական հանդիպումներ կազմակերպելու պայմանավորվածություն է ձեռք բերվել: