23/05/2019
2019 թվականի մայիսի 22-ից 23-ը Երևանում կազմակերպված և անցկացված «Պրոբացիայի ծառայության էությունը, խնդիրները, զարգացման հնարավորությունները` գերմանական փորձի հիման վրա» աշխատաժողովն իրականացվել է միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) աջակցությամբ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության հետ համագործակցությամբ։

Երկօրյա աշխատաժողովին մասնակցել են ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, կենտրոնական մարմնի կազմակերպամեթոդական բաժնի, Երևանի քաղաքային մարմնի և մարզային տարածքային բաժինների պետերը, պրոբացիայի ծառայության աշխատակիցները, ՀՀ ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, ՀՀ գլխավոր դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազ, ինչպես նաև միջազգային ու տեղական փորձագետներ, գործող մասնագետներ։ 

ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը, ողջունելով աշխատաժողովի մասնակիցներին, բացման խոսքում նշել է նմանատիպ աշխատաժողովների անցկացման անհրաժեշտությունը պրոբացիայի ծառայողների վերապատրաստման գործընթացում, որը հնարավորություն կտա զարգացնել նրանց կարողությունները և ուսումնասիրելով միջազգային փորձը նպաստել ՀՀ-ում պրոբացիայի շահառուների վերասոցիալականացման հաջողված միջազգային ծրագրերի ներդրմանը։

Աշխատաժողովի մեկնարկին բացման խոսքով են հանդես եկել նաև ԱՆ քրեակատարողական քաղաքականության մշակման բաժնի պետ Արփինե Սարգսյանը, ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը, իսկ զեկույցներով՝ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալներ Գայանե Հովակիմյանը, Արմեն Օհանյանը  և այլք:

Աշխատաժողովի 1-ին օրը մասնակիցները քննարկել են պրոբացիայի ծառայողների կողմից հարցազրույցի վարման մեթոդների ուսուցումը և սոցիալական խմբային աշխատանքի հնարավորությունները, կրիմինալոգիական գիտելիքների կիրառումը պրոբացիայի ծառայողի աշխատանքում, պատժի վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքների դասավանդման հմտությունների կարևորությունը, ինչպես նաև Հայաստանում վերականգնողական արդարադատության կիրառման հեռանկարները և վերասոցիալականացման գործընթացին առնչվող հարցերը։

Աշխատաժողովի 2-րդ օրը քննարկվել են հետևյալ հարցերը․ պատժից պայմանական վաղաժամկետ  ազատման ընթացակարգերն արդի օրենսդրական փոփոխությունների համատեքստում, դատապարտյալների վերաբերյալ որոշումներ կայացնելու նպատակով զեկույցների կազմման ընթացակարգը և վերջինիս բովանդակությունը, դատարանների և պրոբացիայի ծառայության համագործակցության առկա  իրավիճակը և հնարավորությունները, ինչպես նաև դատարանների  կողմից պրոբացիայի ծառայողներին ներկայացվող պահանջները։