2018 թվականի նոյեմբերի 29-ին ավարտվել է ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի ֆինանսավորմամբ «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպության կողմից ՀՀ արդարադատության նախարարության հետ գործընկերությամբ իրականացվող «ՀՀ պրոբացիայի ծառայության աջակցության ծրագրի» շրջանակներում կազմակերպված «Վերապատրաստող-ների վերապատրաստման» 6-օրյա դասընթացը:
Դասընթացի 16 մասնակիցները ներկայացված էին ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության, ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության կողմից, «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև մի քանի հասարակական կազմակերպությունների կողմից:
Դասընթացը վարել են Հայաստան ժամանած ամերիկացի և անգլիացի փորձագետներ Ջանեթ Դանիգանը, Ջորջ Քայզերը և Սթիվեն Փիթսը, որոնց աջակցել են ազգային փորձագետներ ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի կենտրոն» ՊՈԱԿ-ի փոխտնօրեն Գայանե Հովակիմյանն ու «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը:
Դասընթացի ընթացքում մասնակիցներին ներկայացվել են տեսական տեղեկություններ միջազգային հարթությունում պրոբացիայի ծառայությունների ձևավորման և զարգացման, ծառայության իրավական հիմունքների ու առանցքային գործառույթների, ներքին և արտաքին կառավարման վերաբերյալ, անցկացվել են գործնական պարապմունքներ թմրամիջոց չարաշահողների, կին շահառուների և անչափահասների հետ տարվող աշխատանքների հիմնական փուլերի մասով:
Դասընթացի վերջին օրը մասնակիցների 4 հոգանոց թիմերը ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանի և տարածքային մարմինների ղեկավարների համար վարել են 1 ժամանոց քննական պարապմունք` պրոբացիայի գործառույթների վերաբերյալ իրենց հանձնարարված թեմաներով, որից հետո միջազգային և ազգային փորձագետները մասնակիցներին կայացրել են մատուցված նյութի բովանդակության և մատուցման մեթոդների վերաբերյալ իրենց դիտարկումները և խորհուրդները: Դասընթացի ավարտին վերապատրաստված բոլոր անձանց շնորհվել են հավաստագրեր:
2018 թ. նոյեմբերի 24-29-ի այս դասընթացը վերապատրաստման ծրագրի առաջին փուլն էր: 2018 թ. դեկտեմբեր ամսին, որպես ամփոփիչ փուլ, «Փի-Էյչ Ինթերնեշնլ» կազմակերպությունը նախատեսում է մասնակիցների համար կազմակերպել գիտելիքների ստուգման քննական թեստ, որի արդյունքում կորոշվի, թե վերապատրաստված մասնակիցներից ովքեր են հետագայում համարվելու ՀՀ ԱՆ պրոբացիայի ծառայության համար վերապատրաստումներ անցկացնող որակավորված դասընթացավարներ: