«Սոցիալական արդարություն» ՀԿ-ն ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության հետ համագործակցությամբ իրականացվող «Անչափահաս և երիտասարդ իրավախախտների վերասոցիալականացման խթանում» ծրագրի շրջանակներում 2018 թվականի հունիսի 1-ին կազմակերպել էր հանդիպում՝ պրոբացիայի ծառայության աշխատակիցների և Հայաստանի գործատուների հանրապետական միության ներկայացուցիչների ու տարբեր գործատուների մասնակցությամբ:
Հանդիպումը նվիրված էր Պրոբացիայի ծառայության շահառուների վերասոցիալականացման հիմնախնդրին՝ կարևորելով նրանց զբաղվածության, աշխատանքով ապահովելու հիմնախնդիրները:
Բացման խոսքում Պրոբացիայի ծառայության պետ Արսեն Նավասարդյանը կարևորեց գործատուների վերաբերմունքի փոփոխության անհրաժեշտությունը շահառուների նկատմամբ և գործատուների միության դերակատարումը նշված գործընթացում:
Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը, կարևորելով սույն ձևաչափով հանդիպումները, ներկայացրեց գործատուների պատրաստակամությունը՝ ապահովել շահառուների աշխատանքային զբաղվածությունն ու վերաինտեգրմանը նպաստելը: Կարևորելով գործատու-շահառու հարաբերությունները՝ Գ. Մակարյանն առաջարկեց Պրոբացիայի ծառայողների կողմից գործատուներին ներկայացնել շահառուների բնութագրական տվյալները՝ առավել մանրակրկիտ ընտրություն կատարելու և աշխատանքով ապահովելու արդյունավետությունն ապահովելու տեսակետից:
Շահառուների վերաինտեգրման, վերասոցիալականացման խնդիրներին անդրադառնալով՝ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի նախագահ Արշակ Գասպարյանը կարևորեց Պրոբացիայի ծառայության և գործատուների միջև կապի ստեղծումն ու զարգացումը: Համագործակցությունն առավել արդյունավետ, չափելի ու տեսանելի դարձնելու նպատակով, կողմերը համաձայնվեցին կնքել համագործակցության եռակողմ հուշագիր՝ ամրագրելով յուրաքանչյուր կողմի քայլերը, պատասխանատվությունն ու գործառույթները: «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ներկայացուցիչները պատրաստակամություն հայտնեցին համակարգել հուշագրի նախագծման, ստորագրման և հետագա աշխատանքների գործընթացները:
Մինչ հուշագրի ստորագրումը՝ կողմերը համաձայնություն ձեռք բերեցին զբաղվածության խնդիր ունեցող շահառուների և ՀՀ-ում առկա գործատուների վերաբերյալ ամսական կտրվածքով տեղեկատվության փոխանակման հարցում:
Հաջորդ պայմանավորվածության շրջանակներում նախատեսվում է իրականացնել գործատուների և շահառուների հետ հանդիպում՝ ապահովելով ուղիղ երկխոսություն գործատուների և զբաղվածության կարիքներ ունեցող շահառուների անմիջական մասնակցությամբ: